среда, 16 января 2013 г.

Իսկական արվեստագետը մաշկի բոլոր բջիջներով է զգում իր կոչումը...







Հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, թե զրուցում եմ արվեստի մարդու հետ: Զրույցը տեղի ունեցավ Տիկնիկային թատրոնի գրիմանոցներից մեկում. մեծ հայելի, թատերական տարբեր դիմակներ, իսկ միջանցքից լսվում էր թատրոնի հետկուլիսյան կյանքի արձագանքը: Դե պատկերացրեք՝ ինչպիսի՜ մթնոլորտ էր ապահովված մեր զրույցի համար:




-Բարև, Հարութ: Նախ ներկայացիր, բայց այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ ներկայացնեն:
-Հարություն Գալֆայան, ապագա ռեժիսոր, դերասան, նաև նկարիչ, դիզայներ, քանի որ նաև նկարչությամբ եմ զբաղվում ու ցանկություն ունեմ շարունակելու և զարգացնելու իմ մեջ նկարչական արվեստը:
-Ո՞րն է քո կոչումը:
- Կարծում եմ՝ հենց արվեստի մարդ լինելը. արվեստագետը կոչում է, որ ի վերուստ է տրվում:
-Որպես արվեստագետ՝ ի՞նչ կուզենայիր բերել մարդկանց:
-Նոր, ժամանակակից մտածողություն թե՛ թատրոնում, թե՛, ընդհանրապես, արվեստում, թե՛ կյանքում, ինչու՞ չէ, նաև նոր լուծումներ ու թարմ մտքեր: Յուրաքանչյուր սերունդ (հատկապես երիտասարդությունը) ուզում է փոխել աշխարհը, բերել իրենը, իր ասելիքը, իր խոսքը, որը կհուզի հասարակությանը:
-Ո՞րն է քո կյանքում ամենաթանկ բանը:
-Իմ Արվեստը:
-Իսկ ի՞նչ կուզենայիր, որ քո կյանքում չլիներ:
-Չլինե՞ր… Երևի դժվարությունները: Չնայած թո´ղ լինեն: Ճիշտ է, շատերին թվում է, թե ավելի լավ կլինի, եթե չլինեն խոչընդոտներ թե՛ արվեստում, թե՛ մարդկային հարաբերություններում, բաց չէ՞ որ հենց դրանք են խթան հանդիսանում, որ հետագայում ավելի լավ ստեղծագործես: Ու, վերջիվերջո, ամեն ինչ էլ մարդու համար է:
-Քո կարծիքով ժամանակակից երիտասարդությունը պետք է լինի ավելի...
-Ժամանակակից երիտասարդությունը պետք է լինի ավելի ակտիվ, նվիրված իր գործին, տեղյակ թատերական իրադարձություններին ու մասնակցի բոլոր մշակութային իրադարձություններին: Եվ դա սկսած ուսանողական տարիներից, որովհետև հենց այդ շրջանում է արդեն երևում, թե նա իրեն ինչպես կդրսևորի ապագայում: Հիմա շատերը կան, որ մտածում են՝ ինձ հանձնարարված է այսինչ բանը, արեցի-վերջացրի ու վերջ, դրանից այն կողմ էլ ինձանից ոչինչ չսպասեք: Բայց կարծում եմ՝ դա սխալ է: Պետք է ամբողջ հոգով նվիրվես նրան, ինչով զբաղվում ես: Եթե ես արվեստագետ եմ, ուրեմն հոգով-սրտով պետք է արվեստին պատկանեմ:



-Իսկ առանց արվեստի ինչպե՞ս ես պատկերացնում քո կյանքը:
-Չեմ պատկերացնում: Առհասարակ, առանց արվեստի մարդկության գոյատևումն էլ հնարավոր չէ: Արվեստը ստեղծվել է մարդկանց գորշ իրականությունից դուրս բերելու համար (կարծեմ Նիցշեն է ասել): Եթե ես մի օր չեմ մտնում թատրոն, հաստատ դրա պակասը զգում եմ: Թեկուզ ներկայացում կամ փորձ չլինի, բայց նույնիսկ թատրոնի պատերը իրենց յուրահատուկ աուրան՝ մթնորոլոտը ունեն, առանց որի՝ ես չեմ կարող ապրել:
-Ո՞ր թեմայի շուրջ կարող ես անվերջ խոսել:
-Իմ կարծիքով՝ բոլոր թեմաների շուրջ էլ կարելի է անվերջ խոսել. աշխարհում անհետաքրքիր բան չկա, պարզապես պետք է խորանաս, որ տեսնես: Իսկ ես... դե, պարզ է, արվեստից:
-Իսկ ո՞ր բնագավառից ես այնքան հեռու, որ կուզենայիր քեզ ընդհանրապես հարցեր չտան դրանից:
-Ֆիզիկա, մաթեմատիկա:
-Իսկ քաղաքականությո՞ւնը:
- Չեմ կարծում, որ արվեստագետը պիտի զբաղվի քաղաքականությամբ:
-Բայց ասում են, որ արվեստը պետք է քաղաքականությանը զուգընթաց գնա:
-Զուգընթաց գնա, բայց դա չի նշանակում, որ արվեստագետը պետք է խցկվի քաղաքական գործչի գործերի մեջ, կամ՝ հակառակը: Արվեստն իր տեղն ունի, քաղաքականությունը՝ իր:
-Քո ասածից հետևություն, որ քաղաքականությունն է ծառայում արվեստին, և ոչ թե հակառակը:
-Չէ՜, ամեն մեկն իր տեղն ունի, չեմ կարծում, որ մեկը մյուսին ծառայում է: Ինձ ընդհանրապես քաղաքականության մեջ չեմ տեսնում ու չեմ համակերպվում այն մտքի հետ, որ արվեստագետները խառնվում են քաղաքական հարցերին: Չնայած, երևի նրանք իրենց արվեստագետ չեն էլ համարում, որովհետև ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, իր կոչումով, որը զգում է՝ իրենն է: Իսկ եթե կասկածներ ունի կամ իրեն այդ բնագավառում լավ չի զգում, ավելի լավ է՝ չզբաղվի: Արվեստը զոռով չի, դա հոգու պահանջ է: Արվեստագետի հոգին անընդհատ լցվում է, լցվում, իսկ հետո՝ մի օր, այդ ամենը ժայթքում է դուրս ու ստացվում է արվեստի գործ՝ լինի դա ներկայացում, թե կտավ:
-Իսկ ի՞նչ հարցի կուզենայիր հիմա պատասխանել: Գիտեիր, չէ՞, որ զրուցելու ենք: Չկա՞ մի հարց, որ մտածում էիր՝ երանի՜ այս հարցը ինձ տային, ես պատասխանեի:
-Չէ´, երանի չէ: Պարզապես, կա մի հարց, որ ես ինքս էլ եմ ինձ անընդհատ տալիս. ինչպե՞ս եմ ես ինձ տեսնում ապագայում թատերական արվեստում: Դա բնական է: Երիտասարդ ուսանողը, եթե ցանկություն ունի առաջ գնալու, միշտ իրեն հարց է տալիս՝ ինչ է սպասվում իրեն ապագայում: Որովհետև Աստված կարող է շնորհք տալ, բայց եթե այն չզարգացնես, կարող է կորչել: Կան մարդիկ, ովքեր մի գործ են անում, գուցե բավականին հաջողված կամ չհաջողված, ու կարծում են՝ վե՛րջ, իրենք հանճար ենք, ու էլ ձգտում չունեն առաջ գնալու: Ու այդպես վերջանում են:


-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս քո ասած տխուր վերջաբանից խուսափելու համար:
-Խորհուրդ չէ, պարզապես մեծ ցանկություն ունեմ, որ երիտասարդները լինեն ազատ ու ակտիվ: Հավատացե´ք, մարդը, եթե ցանկանա, կբացի բոլոր փակ դռները: Իսկ արվեստը անընդհատ նոր բաներ բացահայտելու ասպարեզ է: Այնպես որ, չի կարելի մնալ փակ դռների հետևում, մանավանդ որ հիմա երիտասարդ ստեղծագործողներին ամեն տեսակ հնարավորություն տրվում է: Պարզապես, կան մարդիկ, ովքեր ակտիվ չեն և ծաղրում են նրանց, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց նպատակին հասնել. «արվեստը տարե՜լ է» և նման բաներ: Չէի ուզենա, որ այդպես լինի: Ամեն մարդ չի կարող արվեստով զբաղվել. դա կոչում է, իսկ իսկական արվեստագետը մաշկի բոլոր բջիջներով է զգում իր կոչումը:
-Այսինքն՝ ապագա արվեստի մարդկանց դու ցանկանում ես տեսնել ավելի...
-Ավելի ակտիվ, անընդհատ ստեղծագործող, բացահայտող, կատարելագործվող, ավելիին ձգտող:
-Իսկ ի՞նչ կասես քո մրցակիցներին,եթե կան այդպիսիք:
-Դե, թատրոնը այն տեղն է, որտեղ մրցակցությունը շատ է: Բոլոր բնագավառներում այդ մրցակցությունը կա, բայց արվեստում ավելի շատ է, որովհետև այստեղ ամեն մեկը ձգտում է իր անհատականությունը ընդգծել, լինել ինդիվիդ: Իսկ մրցակիցներին կասեմ՝ եթե դուք վստահում եք ձեր ուժերին, մրցակցելու կարիք չպետք է ունենաք: Մրցակցում է նա, ով իրեն թույլ է զգում և մտածում է, որ կարող է չհասնել իր նպատակին: Բայց այն, ինչն ի վերուստ է որոշված, լինելու է, և ով ինչի արժանի է, այն էլ ստանալու է: Կարևորը ձգտումն է, պատասխանատվությունն ու նվիրվածությունը:
-Որպես մեր զրույցն ամփոփող վերջաբան ի՞նչ կասես:
-Մարդի՛կ, ապրե՛ք երջանիկ և լիաթոք: (Ծիծաղում է:)
-Երջանկության ի՞նչ դեղատոմս է առաջարկում Հարություն Գալֆայանը:
-Դեղատոմսը մեկն է. մարդն ապրում է՝ փնտրելով իր առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհներ և անցնելով դրանց միջով: Այսինքն՝ կյանքը բաղկացած է այն ճանապարհներից, որոնցով մարդն անցնում է այն ժամանակ, երբ փորձում է հասնել իր առջև դրված նպատակներին: Նշանակում է՝ շարունակ պետք է նպատակներ դնել և գտնել ճանապարհ՝ հասնելու այդ նպատակներին: Միայն այդպես է մարդն իրոք ապրում, առաջ շարժվում: Հակառակ դեպքում ամբողջ կյանքում նա կդոփի նույն տեղում:
-Իսկ եթե սայթաքի այդ ճանապարհներին և չհասնի՞:
-Սայթաքելն էլ է մարդու համար: Շատ դեպքերում այն մարդուն, ով ձգտումներ ունի այս կյանքում և անընդհատ փորձում է իր համար նոր բաներ բացահայտել, թվում է՝ ոչնչի չի հասել: Իսկ եթե նպատակը կա, վաղ թե ուշ կհասնես դրան: Չհասնե՞լ, այդպիսի բան պարզապես չեմ պատկերացնում: Վերջիվերջո, մենք ենք ապագա սերունդը և եթե մենք հիմա ոչինչ չանենք, չիրագործենք նպատակներ ու դոփենք տեղում, ապա ո՞վ պիտի անի մեր փոխարեն:

Իսկապես, ո՞վ:
Այսքանով վերջացնում եմ: Բայց ինձ թվում է Հարություն Գալֆայան անունը մենք դեռ կլսենք: Գուցե ապագայում հեղիանակավոր հանդեսներն ու ամսագրերը հարցազրույց վարեն նրա հետ, բայց ես հիշելու եմ, որ առաջին անգամ ես եմ զրուցել Հարություն Գալֆայան՝ այսօր դեռ ապագա կամ, ով գիտե, գուցե արդեն ի վերուստ տրված իր կոչմանը հավատարիմ և կայացման գեղեցիկ ուղի բռնած արվեստագետի հետ:





sevakakumb.do.am

Комментариев нет:

Отправить комментарий